«Ստացվեց այնպես՝ ինչպես ստացվեց, բայց ես շատ ուրախ եմ, որ Հայաստանում վերականգնվել է քաղաքական կայունությունը: Փորձերը՝ պարզել ով է ճիշտ, ով՝ սխալ, բերեցին այդպիսի լուրջ ռազմական գործողությունների»,-այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում տեղի ունեցած Մոսկվա-Մինսկ-Երեւան-Նուր-Սուլթան տեսակամուրջի ժամանակ ասաց Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղար, ՌԴ վաստակավոր տնտեսագետ Անդրեյ Բելյանինովը:
Տեսակամուրջը «ԵԱՏՄ երկրների երկխոսությունը եւ եվրասիական ինտեգրման զարգացման ուղիները» թեմայով էր:
Անդրեյ Բելյանինովն ասաց, որ մեծ ցանկություն ունի, որպեսզի Հայաստանում բնակչությունն ավելանա. «Ինչպես գիտենք, Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում: Ամենամեծ սփյուռքը Ռուսաստանում՝ հայկական է, որը երեք միլիոնից ավելի է: Եկատերինբուրգում ապրում է ավելի քան 20 հազար հայ: Ճիշտ է՝ նրանք գտել են իրենց երջանկությունը, որտեղ ապրում են, բայց հայրենիքը մնում է հայրենիք: Շատ լավ է, որ հայերը պահպանում են իրենց ավանդույթները, կենցաղը»:
Նրա խոսքով՝ ժամանակը ցույց կտա, թե ինչ կլինի, բայց անսպասելի իրադարձությունները ցնցեցին թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը, որի կրկնությունը պետք է թույլ չտալ:
Անդրեյ Բելյանինովը նաեւ ասաց, որ գնահատում է բանակցելու եւ մնացած հարցերը խաղաղ ճանապարհով լուծելու կողմերի պատրաստակամությունը. «Ես ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը պայմանավորվել են»: Անդրադառնալով ԵԱՏՄ երկրների միջեւ տեղի ունեցող երկխոսության ու ինտեգրման հարցերին, Եվրասիայի ժողովուրդների ասամբլեայի գլխավոր քարտուղարն ասաց, որ պետք է վերականգնել կաշվե գնդակի ավանդույթը, որը կար խորհրդային տարիներին. «ԵԱՏՄ ձեւաչափում այն շատ տեղին կլինի: Պետք է ֆուտբոլի մանկական մրցաշարեր կազմակերպել, երեխաների հանգիստը ԵԱՏՄ տարածքի երկրներում կազմակերպել»: Նրա խոսքով Հայաստանում ֆուտբոլը բարձր մակարդակի վրա է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ